BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Սթափվեք, «արյան ծովերի» ժամանակները վաղո՜ւց անցել են»

«Սթափվեք, «արյան ծովերի» ժամանակները վաղո՜ւց անցել են»
01.04.2016 | 01:43

Ապրիլի 13-ին Սիրիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնց կմասնակցեն նաև հայ թեկնածուներ: 250 անդամ ունեցող խորհրդարանի թեկնածուների թիվը 8681 է, որոնք ընտրվում են չորս տարի ժամկետով: Հայ թեկնածուներից է նաև սիրիահայ գործարար ՎԱՀԵ ՄԱՀՇԻԿՅԱՆԸ, ում հետ «Իրատեսը» զրուցեց ոչ միայն ընտրությունների, այլև հայ համայնքի խնդիրների և Հայաստան այցի նպատակների մասին:

-Սիրիայի խորհրդարանական ընտրություններում հայերն ինչպիսի՞ մասնակցություն ունեն: Վերջին շրջանում բավականին նվազել էր հայ պատգամավորների թիվը խորհրդարանում:
-Այո, նախորդ խորհրդարանում հայերը կորցրին իրենց վերջին աթոռը: 2012-ից էլ առաջ ընդամենը մեկ պատգամավոր ունեինք` հալեպցի Սմբուլ Սմբուլյանը: Ժամանակին բավականին շատ հայ պատգամավորներ ենք ունեցել, սակայն գնալով նոսրացան նրանց շարքերը և, ավաղ, վերջին խորհրդարանում ոչ մի հայ չկար: Սրան նպաստել է Սիրիայից հայերի արտագաղթը դեպի ԱՄՆ, Կանադա: Սակայն նույնիսկ այս հանգամանքը չի կարող արդարացում լինել խորհրդարանից հայերի բացակայության համար: 1946-47 թթ. Դամասկոսում հայ գաղութի անդամների թիվը 37 հազար էր, Հալեպում` 288 հազար, Ղամիշլիում` 30-33 հազար, Քեսաբում` 7800: Նրանց թիվն այսօր պետք է առնվազն բազմապատկվեր, սակայն իրականությունն այն է, որ շատերը Սիրիայից հեռացել են:
-Եթե արտագաղթի գործոնը մի կողմ դնենք, հայ պատգամավորների թվի կրճատման է՞լ ինչ պատճառ կա:
-Մեր դիրքերի կորուստն ավելի շատ պայմանավորված է տեղի հայ կազմակերպությունների` կուսակցությունների, միությունների, եկեղեցական կենտրոնների թերացմամբ: Մենք գործելակերպի խնդիր ունենք:
-Այսի՞նքն:
-Մենք, որպես ազգ, ներկայանում ենք եկեղեցով: Մինչդեռ սա սիրիական սահմանադրությանը հակասում է: Ասել կուզի` Սիրիան կրոնական պետություն չէ: Իսկ հայերը, որպես ցեղասպանված ազգ, մինչև հիմա եկեղեցու թևի տակ են: Փառք Աստծո, այս ընտրությունների ժամանակ հայերը զգացին, որ Սիրիայի քաղաքականության կարևոր բաղադրիչներից են ու պետք է հավասար իրավունքներ ունենան:
-Ովքե՞ր են հայ թեկնածուները:
-Երեք օրիորդ, երկու տղամարդ ունենք Դամասկոսից, տասնհինգ թեկնածու էլ Հալեպից: Խնդիրը միայն խորհրդարանում ներկայացված լինելը չէ: Սիրիայի վերնախավի հետ իմ շփումների ժամանակ մշտապես շեշտում եմ, որ հատկապես այս պատերազմից հետո Սիրիան պետք է արդար «բաժանվի», խոսքը և կառավարության տեղերի, և բարիքների մասին է: Հայ գաղութը Սիրիայի ամենահզոր համայնքներից մեկն է և կարևոր դերակատարություն ունի այդ երկրի կյանքում:
-Ահաբեկչությունների, պատերազմական վիճակի պատճառով հայ համայնքն ի՞նչ կորուստներ ունեցավ:
-Ակնհայտ է, որ այդ ամենի պատճառով մեծ թվով հայեր լքեցին Սիրիան, երկրում մնացածների գործերն էլ վատացան: Սակայն շատ կարևոր է, թե երկրի որ հատվածի հայերի մասին է խոսքը: Օրինակ, Հալեպի կենտրոնական հատվածում բնակվողների վնասի չափն այնքան մեծ չէ, որքան թեժ կետերում ապրողների: Ընդհանրապես Հալեպում ստեղծված իրավիճակը խիստ առանձնահատուկ է: Իսլամի հետևորդները զենք բարձրացրին պետության դեմ, իսկ հայերը կանգնեցին պետության կողքին: Հային միշտ տեղ են տվել Սիրիայում, քանի որ հարգել է պետությունը, ժողովրդին և օրենքը: 5 տարի առաջ հայերի թիվը Սիրիայում 150-170 հազար էր, այժմ, իմ տեղեկություններով, 120 հազարի հազիվ է հասնում:
-Հայաստան արտագաղթածներից ինչպիսի՞ արձագանքներ ունեք: Գո՞հ են, որ հայրենիք են վերադարձել:
-Որքան գիտեմ, 15-17 հազար սիրիահայ է եկել Հայաստան: Մի մասը հայրենիք վերադառնալուց քիչ անց հեռացավ Եվրոպա, ԱՄՆ: Հալեպահայերը Հայաստան գալով ճիշտ վարվեցին, այդպիսով չդավաճանեցին իրենց սկզբունքներին: Երբ Հալեպում իրավիճակը խաղաղվի, կարծում եմ, բոլորը կվերադառնան, որովհետև նրանց բարքերը, սովորություններն այլ են, տնտեսական պայմաններն էլ` առավել լավ:
-Այս պահին, ըստ Ձեզ, ի՞նչ վիճակ է Սիրիայում։ Նկատի ունեմ այն իրողությունը, որ Ռուսաստանը մտադիր է զորքն ամբողջությամբ հանել երկրից:
-Թուրքիայի հովանավորությունը վայելող ահաբեկիչները խառնվեցին Սիրիայի ներքին գործերին, ու այսպիսի խառնաշփոթ ստեղծվեց: Ես Դամասկոսում եմ ապրում, երբեմն հեռվից խուճապ առաջացնելու համար հրթիռներ են նետում, բայց ժողովուրդը դրան էլ ընտելացավ ու սկսեց սովորական վերաբերվել: Իսկ ռուսները Սիրիայում փոխեցին իրերի դրությունը` հավասարակշռություն մտցնելով երկրում: Նրանք եկան խառնաշփոթը վերացնելու համար, որովհետև հայտնի չէր, թե ինչի համար էին կողմերը կռվում: Ահաբեկիչների 90-95 %-ն օտար վարձկաններ էին, որոնց «պատվիրատուները» ցանկանում էին միջամտել Սիրիայի ներքին գործերին: Երբ Թուրքիան զորք կուտակեց սահմանին, ռուսները եկան, որպեսզի Թուրքիայի վտանգը չեզոքացնեն: Հիմա երբ այլևս այդ վտանգը չկա, ռուսները պետք է կրճատեն իրենց ներկայացվածությունը Սիրիայում: Բայց այնպես չէ, որ նրանք լիովին «լքում» են այդ երկիրը: Լաթաքիայից 15-20 կմ հեռավորության վրա Հեմեմին օդանավակայանն է, որտեղ ռուսական զորքերի մեծ բազան էր տեղակայված: Հիմա բազան այդտեղից դուրս է բերվել, որպեսզի զբոսաշրջության սեզոնի բացման ժամանակ օդանավակայանը կարողանա սպասարկել այցելուներին: Կարծում եմ, շատ հեռու չէ այն օրը, երբ Սիրիան վերջնականապես կազատվի ահաբեկիչներից, քանի որ ամեն օր լսում ենք, թե ինչպես մի քաղաք կամ տարածք ազատագրվեց զինյալներից:
-Վերադառնանք հայաստանյան իրողություններին, Ձեր ո՞րերորդ այցն է Հայաստան: Ի՞նչ տարբերություններ եք տեսնում:
-Սա իմ չորրորդ այցն է: Առաջին անգամ 1994-ին եմ եկել, հետո 1998-ին, որից հետո մեծ դադար եղավ: Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով եկա 2015-ին, և այսօր: Իմ տպավորությամբ, Հայաստանում մի հատվածի համար կա զարգացում, բայց ընդհանուր առմամբ մարդիկ լավ չեն ապրում: Նոր շենքեր ավելանում են Երևանում, բայց ժողովրդի դժգոհությունը շատ մեծ է: Ես էլ եմ հիասթափվում, երբ լսում եմ այնպիսի պատմություններ, որոնք հայի էությանը խորթ են: Հայը միշտ մեծ երազանք է ունեցել, սակայն դրանք ջախջախվում են, երբ հայկական այսօրվա իրականության հետ են բախվում: Ինձ այստեղ նաև մի բան պատմեցին, որ եթե գործ դնես, ուրեմն մեկը կգա ու կասի՝ քո եկամտի կեսն իմն է: Սա իմ «խելքիս չի պառկեր»: Սիրիայում մենք արաբների հետ կաշխատենք, բայց մեկը չի կարող գալ ու մեզ այդպիսի բան ասել: Այստեղ մեկ այլ հակասության էլ հանդիպեցի. նույն ծառայությունը տարբեր գներով կմատուցեն` նորմալ և շատ թանկ: Այս իրավիճակը պետության մեղքով է, պետությունը կշեռքի դեր է կատարում: Եթե այս կողմերից մեկին է «հարելու», ուրեմն ղեկավարություն չէ, այլ...
-Դրսում Հայաստանի մասին ինչպիսի՞ տպավորություն է:
-Շատ լավ: Բոլոր սփյուռքահայերի երազանքն է տեսնել Հայաստանը: Բայց, օրինակ, Սիրիայում Հայաստանի վիզա ոչ բոլորին է տրվում: Դեսպանատունը մեծ դժվարություններ է ստեղծում: Այնինչ, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վիճակի բարելավումը հնարավոր է տուրիզմի զարգացմամբ: Զբոսաշրջության հիմքերը կան Հայաստանում, բայց աշխատեցնելու մեխանիզմներն են թույլ:
-Զբոսաշրջության զարգացման համար, ըստ Ձեզ, ի՞նչ խոչընդոտներ կան Հայաստանում:
-Այս ոլորտի համար մտածողներ ու աշխատողներ չկան: Տվյալներ կան, օտարների Հայաստան տեսնելու ցանկությունն էլ կա, սակայն համապատասխան հզոր օղակը չկա, որ ճիշտ կազմակերպի, աշխատանքներ ծավալի այդ ուղղությամբ: Իմ այցի նպատակներից մեկն էլ այն է, որ նպաստենք զբոսաշրջության զարգացմանը: Ինչպե՞ս: Այսօր դրսում ապրող բոլոր հայերը ծանոթների որոշակի շրջանակ ունեն, ովքեր շատ բան են լսել Հայաստանի մասին և ցանկություն ունեն տեսնելու այն: Բայց չկա զբոսաշրջության անհրաժեշտ համապատասխան մեխանիզմ, որ նրանց Հայաստան բերի: Սիրիայում շատ անհատներ փորձել են Հայաստանի դեսպանատան միջոցով վիզա ստանալ ու գալ, սակայն նրանց բոլորին մերժել են: Օրինակ, կար մի նշանավոր գործարար, ով ցանկանում էր գալ Հայաստան, բիզնես դնել այստեղ, բայց մերժեցին նրան` պատճառաբանելով, թե նրա այցը «ռիսկային» է: Ինչ ասել է ռիսկային, մարդը առևտրով պետք է զբաղվեր: Անշուշտ, առևտուրը ռիսկային բան է, ասում են, չէ՞, շահն արկածախնդրության արդյունք է, առևտուրն էլ արկածախնդրություն է: Այնինչ պետք է վիզային ռեժիմը բավականին դյուրացնել: Ես Սիրիայի պետությանը դիմել եմ, որ Հայաստանի քաղաքացին անմիջապես օդանավակայանից վիզան ստանա, որպեսզի ավելորդ քաշքշուկներից հեռու լինենք: Հայաստանի դեսպանատունը իր քայլը բացատրում է այն հանգամանքով, թե հնարավոր է ահաբեկիչներ գնան Հայաստան: Ահաբեկչի երեսին նայելով էլ կհասկանաս, թե ով է, բայց մարդն ընտանիքով ուզում է գնալ քո երկիրը տեսնել, կտրուկ մերժե՞ս: Իհարկե, պետք չէ բոլորին անխտիր թույլ տալ, բայց նաև հակառակը պետք չէ կիրառել:
-Ասացիք, որ Ձեր այցի նպատակներից մեկը զբոսաշրջության զարգացումն է: Ասել է՝ այլ նպատակներ ևս ունեք։
-Հանդիպել եմ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ` առաջարկելով Սիրիայում Հայաստանի թեթև արդյունաբերական ապրանքների մշտական ցուցահանդես-վաճառք կազմակերպել, այսինքն՝ քաղցրավենիք, խմիչք և այլն: Սիրիացի վաճառականները ցանկություն ունեն հայկական ապրանքն իրենց շուկա մտցնելու: Պատերազմի պատճառով Սիրիան մի շարք երկրներից արգելել է երկրորդական ապրանքների ներմուծումն իր երկիր, Հայաստանը դրանց մեջ չէ: Այսինքն՝ կարող ենք օգտվել այդ մեծ շուկայից և մեր ապրանքներն իրացնել: Եթե կարիք լինի, նաև սիրիական ապրանքների ցուցահանդես-վաճառք կկազմակերպենք Հայաստանում: Մեզ վստահում են, փա՜ռք Տիրոջը, մեր ապրանքն ընդունելի է դրսում:
-Պաշտոնյաներից որևէ մեկի հետ հանդիպե՞լ եք, ինչպիսի՞ արձագանքներ կան:
-Բնականաբար, շատ մեծ ցանկություն կար հանդիպելու: Ես հայ պաշտոնյաներից շատ դժգոհ եմ: Սկսած Դամասկոսի դեսպանից մինչև Հայաստանի նախագահը:
-Որպես սփյուռքի ներկայացուցիչ որևէ հանդիպում ունեցե՞լ եք սփյուռքի նախարարի հետ, Ձեր գաղափարների մասին պատմե՞լ եք:
-Անցյալ տարի նախարարի հետ հանդիպեցի, խոսեցինք: Բայց միայն խոսքեր են, գործնական ոչինչ չկա: Հայաստանում հետաքրքրություն չկա ոչ մի բանի հանդեպ: Հայ դատի առնչությամբ նման անտարբերություն կա նաև դրսի ավանդական կուսակցությունների շրջանում: Վերջերս շատ զարմացա, որ Սիրիայում դաշնակցության անդամ Վերա Հակոբյանը Թուրքիա էր գնացել որպես դիտորդ: Մենք Թուրքիան ընդհանրապես պետք է չճանաչենք: Սիրիայում ավանդական կուսակցությունները շատ խեղճ վիճակում են: Անունը կա, ամանում չկա: Հայկական շատ կազմակերպություններ, միություններ կամ փակվել են, կամ վերածվել են բարեգործական կենտրոնների, օգնություն են ստանում, բաժանում: Ոչ մեկը քաղաքական նպատակ չի հետապնդում: Առջևում խորհրդարանական ընտրություններ են, բայց այդ ավանդական կուսակցություններից ոչ մեկը որևէ քննարկում, հանդիպում չի անցկացրել: Օրինակ, ես թեկնածություն եմ առաջադրել, բայց ոչ մեկը չի հարցրել` ինչ նպատակով, ինչու ես ցանկանում խորհրդարան գնալ: Տպավորությունն այնպիսին է, որ և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում հիասթափված, անտարբեր քաղաքական կուսակցություններ են: Հայ դատը, որ այդ ավանդական կուսակցությունների գործն է, լրիվ մի կողմ են նետել. կարևոր այդ խնդիրը նրանց ընդհանրապես չի հետաքրքրում: Այս ազգի, ազգային շահերի հետ նրանք կապ չունեն:
-Հիշյալ կուսակցությունները Սիրիայում ինչ-որ բան գոնե անո՞ւմ են:
-Միտք, գաղափար, նախաձեռնություն չունեն: Կարո՞ղ ես պատկերացնել, որ մինչ օրս այդ կուսակցությունները հարյուր տարի առաջվա երգերն են երգում` «Ստամբուլը պիտի դարձնենք արյան ծով», «Միայն զենքով կա հային փրկություն»: Մարդ ուզում է բղավել՝ սթափվե՛ք, «արյան ծովերի» ժամանակները վաղո՜ւց անցել են։ Բարձր տեխնոլոգիաների դարում ենք ապրում, բայց մինչ օրս ժանգոտած, հին դիսկերով այդ երգերն են լսում: Նույնիսկ հավաքներ եթե լինում են, միակ գործը երիտասարդներին այդ հին երգերը սովորեցնելն է: Լավ, այդ երգերը մի օր, երկու օր երգեցին, չի կարելի միշտ նույնը լսել: ՈՒղեղներն արդեն ժանգոտել են: Ես սկսում եմ կասկածել, որ այդ կուսակցությունների լիդերները ոչ թե ազգին, այլ թշնամուն են ծառայում:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ